Գտնված զինծառայողներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է. ՊՆ

Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կարեն Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երեկ գտնված զինծառայողներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կարեն Շահնազարյանի և Աղասի Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։

«Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ