«Կապիտուլյանտի կողմից պետության կազմաքանդումն անթույլատրելի է»․ Սարգսյանը նիստ է հրավիրել

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում շեշտել են, որ երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում ռազմական դրության վերացումն անհրաժեշտություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Այսօր` մարտի 22–ին, կայացել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Քննարկվել են ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Գործադիր մարմնի նիստում վերահաստատվել են կուսակցության դիրքորոշումներն ու գնահատականները, որոնք վերաբերում են արցախյան վերջին պատերազմում «խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին» և հնարավոր լուծումներին։

«Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը»,- գրում է Աշոտյանը։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները նաև կարևորել են ստեղծված իրավիճակում ռազմական դրությունը վերացնելու անհրաժեշտությունը։

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ Փետրվարի 25-ից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում շարժումն անժամկետ նստացույց է սկսել։

Մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո որոշել է, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն», իրենք ակտիվորեն մասնակցելու են։ Նա նաև շեշտել էր, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:

Կարող է լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին, սակայն դա չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

«Արցախյան պատերազմի մասին հարցազրույցի հետքերով». ինչում էր ճիշտ ու սխալ Սերժ Սարգսյանը