Կարող է խնդրահարույց լինել. Ալավերդյանը` կառավարության օրենսդրական փաթեթի մասին

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել մատչելի պայմաններ։
Sputnik

Արմեն Ալավերդյանի պնդմամբ`օրենսդրական փաթեթի առթիվ իր կարծիքը համընկնում է ոլորտի առաջադեմ ՀԿ–ներից շատերի կարծիքի հետ. այն զգուշավոր է, շատ դրական չէ, և իրենք շատ ոգևորված չեն։ Ըստ նրա` նույնիսկ կան ՀԿ–ներ, որոնք գտնում են, որ դա նույնիսկ անիմաստ քայլ է։

«Կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես հաշմանդամներին առնչվող իրավակիրառական պրակտիկան է դեռ խնդրահարույց, քան օրենքների գեղեցիկ, ճիշտ շարադրումը, որովհետև մենք անկախությունից ի վեր վատ օրենքներ չենք ունեցել, եղել են սոցիալական ուղղվածության օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր ու որոշումներ, որոնք գեղեցիկ գրվել են, սակայն դրանց կիրառումը բավականին թույլ է»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը։

Ալավերդյանի կարծիքով` կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը շատ համապարփակ է, բայց եթե փորձ է արվում ամեն ինչ ընդգրկել մեկ օրենքի մեջ, հարց է առաջանում, թե ինչպես և ինչ միջոցներով է այդ ամենն իրականացվելու, մասնավորապես ինչպես է լուծվելու հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի մատչելիության գերխնդիրը։

Պատերազմի հետևանքով 472 անձ է հաշմանդամ դարձել. ՀՀ–ում անկախ կյանքի կենտրոններ կգործեն

Հաշմանդամության երեք խմբերի անվանափոխության համատեքստում Ալավերդյանը չի ընդունում հատկապես «ֆուկցիոնալ սահմանափակում» եզրույթը, ինչն, ըստ նրա, բավականին կարծրատիպային է և ստեղծում է նույնիսկ նախապաշարմունք ու կարող է խնդրահարույց լինել աշխատանք փնտրելիս կամ կրթություն ստանալիս։

Հիշեցնենք` մարտի 17-ին ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել մատչելի պայմաններ, հավասար հնարավորություններ:

Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող անձի սահմանումը պայմանավորված է անձի առողջական կարգավիճակից ելնելով: Նոր օրենքների նախագծերը ընձեռնում են կարգավորում, որ հնարավորություն է տալիս ֆիքսել անձի սահմանափակումները և կարիքների գնահատման հիման վրա իրականացնել աջակցություն: Պետությունն օրենքով մասնավոր ոլորտի, նաև պետական կառույցների համար մատչելիության ապահովման պահանջ է դնում, մասնավորապես շինարարական և կառուցապատման մասով: Հնարավորություն է տրվելու նաև թիրախային գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, դրա հիման վրա պետության կողմից աջակցություն իրականացնել:

Գործող կարգավորումներով կա հաշմանդամության երեք խումբ՝ առաջին, երկրորդ, երրորդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ: «Սրա փոխարեն մենք ունենալու ենք ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր և խորը: Այսինքն` անհատական գնահատման հիման վրա սահմանվելու են այս 4 կարգավիճակները, որոնք փոխարինելու են հաշմանդամության գործող խմբերին: Անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա անհատական ծրագրի միջոցով իրականացվելու է աջակցություն, որը հնարավորություն է տալու անձին հենց այդ սահմանափակումների առավելագույն վերացմանը, կյանքի ինտեգրմանը»,-Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս` ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նախագծերի փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի