Ինչո՞ւ պետք չէ փոփոխել ընտրական օրենսգիրքը. Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իր տեսակետը

Մարուքյանի խոսքով` օրենսգրքի փոփոխմամբ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ընտրական օրենսգրքի փոփոխություններից պետք է ձեռնպահ մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

«Խաղի ժամանակ չի կարելի փոխել խաղի կանոնները։ Եթե այդ փոփոխությունները կատարվեն, ամբողջական համամասնական լինեն ցուցակները, նշանակում է` ժողովուրդը ընտրելու է կուսակցության ղեկավարին։ Ղեկավարներն էլ արդեն ընտրելու են պատգամավորներին, ու մարդիկ չեն ընտրելու` իրենց ով է ներկայացնում», – ասաց Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով` օրենսգրքի փոփոխմամբ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ։

«Մենք առաջարկել ենք համամասնական ցուցակը բաց լինի, դրան շատերն են համաձայն, օրինակ` ՀՅԴ–ն։ Թե չէ այսպես մարդիկ չեն իմանա` ով է իրենց պատգամավորը դառնալու, ու կարող է ստացվել, որ մարզերի պատգամավորները երևանաբնակ լինեն։ Ես, օրինակ, Լոռիում եմ ծնվել, բայց Երևանում եմ ապրում, չեմ կարող Վանաձորի բնակչին այնպես ներկայացնել, ինչպես հարկն է», – ասաց պատգամավորը։

Նա համոզված է, որ այս ընտրություններին ուժերից և ոչ մեկը 40%-ից ավելի ձայն չի հավաքելու։ Մարուքյանը ասաց, որ անգամ եթե ընտրական օրենգիրքը փոփոխվի, «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին, սակայն շարունակում է պնդել, որ ժողովուրդը պետք է ինքը ընտրի իր ներկայացուցիչներին` կուսակցապետերի փոխարեն։

Գալիք ընտրությունները չեն կարող անցնել առանց ատելության մթնոլորտի. Դանիելյան