Գիրքը բացառիկ է այն առումով, որ Հայաստանում երբևէ նման ձեռնարկ չի հրատարակվել։ Անթոլոգիայի հեղինակ, Sputnik Արմենիայի մեկնաբան Էմանուել (Մանվել) Մարգարյանը զրույցի ընթացքում խոսել է երկհատորյակի լույսընծայման և նման հանրագիտարանային ձեռնարկ հրատարակելու նպատակայնության մասին։
«Հայաստանում ֆուտբոլն ամենասիրված մարզաձևն է, սակայն մեզանում միշտ զգացվել է մասնագիտական գրականության պակասը, և ես որոշեցի լրացնել այդ բացը, որպեսզի հայ մարզասերներն իրենց հարազատ լեզվով համապատասխան գրականություն ունենան աշխարհի առաջնությունների մասին, ամբողջական ինֆորմացիա ստանան կարևոր իրադարձությունների ու մրցաշարերի վերաբերյալ»,– նշեց գրքի հեղինակը։
«Համաշխարհային ֆուտբոլի անթոլոգիայում» ամփոփ տեղեկություններ են զետեղված գնդակախաղի տարեգրության, ֆուտբոլի առաջնությունների (1930-2014թթ.), Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլերի, դրանց մասնակցած ազգային հավաքականների, հանրահայտ ֆուտբոլիստների, անվանի մրցավարների ու վաստակաշատ մարզիչների մասին:
Գիրքը հարուստ է վիճակագրական հետաքրքրաշարժ տվյալներով և ընթերցողներին կօգնի վերապրել համաշխարհային ֆուտբոլի պատմական ակնթարթներն ու հանգամանորեն ծանոթանալ աշխարհի առաջնությունների տարեգրությանը: