Արցախում արդեն փոքրածավալ ներդրումներ կան. էկոնոմիկայի փոխնախարար

Նախարարի տեղակալը հայտնեց, որ Թուրքիայից ապրանքների ներկրման էմբարգոն երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Արցախում արդեն փոքրածավալ ներդրումներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

«Խոսքը ծավալուն ներդրումների մասին չէ, հիմնականում անհատական, սփյուռքից քրաուդֆանդինգային ծրագրեր են։ Կարի, պահածոների արտադրամասերի մասին է խոսքը», – ասաց նախարարի տեղակալը։

«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են

Ավանեսյանի խոսքով` Թուրքիայից ապրանքների ներկրման էմբարգոն երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են։

«Էմբարգոն կարճ հատված է գործում, չենք կարող դեռ գնահատել փոփոխությունները։ Բայց կատաստրոֆիկ հարված չենք տեսնում, և արգելքը երկարաձգելու խոսակցությունները գնում են», – ասաց նա։

Նա ասաց, որ Հայաստանում, ինչպես և Ադրբեջանում, պատերազմից հետո ներդրումային միջավայրը վատացել է, բայց երկիրը դեռ ունի իր խաղաքարտերը։

«Հայաստանը հետաքրքիր է ներդրողներին իր աշխատաշուկայի որակով, ԵԱՏՄ շուկա ունենալով, համեմատաբար թափանցիկ աշխատելաոճով։ Կարճաժամկետ է այս խնդիրը», – ասաց նա։ 

Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել

Հիշեցնենք` այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելք է գործում։