ԱՆ փոխնախարարը կանխատեսել է, թե առաջիկա 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի քանի դեպք կունենանք

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Առաջիկա 7 օրվա ընթացքում կարձանագրվի կորոնավիրուսային հիվանդության մոտ 6820 նոր դեպք։ Նման կանխատեսում է Facebook–ի իր էջում արել է  Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Նրա խոսքով` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Այս պահին ավելի քան 600 մարդ է մահվան հետ կռիվ տալիս. Ավանեսյանը` կորոնավիրուսի մասին

«14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։ Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք. սա կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը»,–գրել է նա:

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5861–ով և դարձել 183713։ Մեկ օրում գրանցվել է 16 մահվան դեպք։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում էր բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։