«Քեզ այլևս ոչ ոք չի հավատում». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածելով` անդրադառնալով Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի` Սերժ Սարգսյանի հետ կապված պնդումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. «Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի գործելաոճի պատճառով ԼՂ բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։ Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարություններին` Facebook-ի էջում նման կերպ է արձագանքել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ և տեղի բնակիչների հետ զրույցում ասել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գիտեր` որտեղ է բերել-հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացը, սակայն մյուսները չգիտեին։ Փաշինյանի խոսքով` 2018-ին, երբ դեռ 1 ամսվա վարչապետ էր, նախկիններն ասում էին, թե ինքը եկել է հողերը հանձնելու համար։ Փաշինյանը նշել էր` նման բան էին ասում, քանի որ գիտեին` ուր են հասցրել բանակցային գործընթացը։

«Հարցնում ես, թե 2018–ի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում»,–ասված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունները կանգ են առել Ադրբեջանի պատճառով: Իսկ երբ Փաշինյանը եկավ իշխանության, բանակցային գործընթացը տարավ այն ուղղությամբ, որ Հայաստանը դարձավ ապակառուցողական կողմ, ինչի պատճառով վերջին պատերազմում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի երկիր ագրեսիայի ենթարկված Հայաստանին չպաշտպանեց:

Մեր տղերքը զոհվեցին, որ Ադրբեջանի նախագահին կարողանանք ասել` ԼՂ հարցը լուծված չէ. Փաշինյան

Ավելին, Փաշինյանը, ըստ հայտարարության, միտումնավոր կերպով ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները։

Որպես ապացույց` հայտարարությունում մեջբերում են ԵԱՀԿ մինկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի խոսքի այն հատվածը, որտեղ նա, խոսելով բանակցային պատմության մասին, ասել է, թե «ամենից կարևորն այն է եղել, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»:

Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Փաշինյանը սեփական դիրքերից է մեկնաբանել Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում դեռևս 2018թ. ապրիլի 17-ին ասածը` եզրահանգելով, որ Սարգսյանն առաջարկել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնել։ Նշվում է, որ դա վարչապետի կողմից ուղղակի մանիպուլյատիվ հնարք է։

Կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են` Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան

«Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը: Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020-ի ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերին 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Քեզ այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև դու ստել ես ողջ պատերազմի ընթացքում, ստել ես դրանից հետո, ստում ես հիմա»,–նշված է Փաշինյանին ուղղված պատասխանում։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը վստահեցնում է` եկել է բոլոր ստերի ու արարքների համար պատասխան տալու ժամանակը։

ԼՂ–ում հրադադարի հաստատման եռակողմ համաձայնագիրը չստորագրելը մեծ աղետ կլիներ. Փաշինյան