Այվազյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հետ գերիների մասին է խոսել

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով: Այվազյանն այդ մասին հայտնել է այսօր` ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ տեսակապի միջոցով զրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Հայ գերիներն Ադրբեջանում դաժան վերաբերմունքի են արժանանում. Human Rights Watch

Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից էին հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։

«ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին էլ ԱԳՆ հայտնեց` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի ժամանակ իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հայտնել էր` չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին, Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար առաքելության մուտքը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։