ՌԱԴԻՈ

Առաջարկվող նախագիծը փոփոխություններ չի բերի իրական խնդիրների լուծման առումով. Ղազարյան

Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի որոշ դրույթներին։
Sputnik
Առաջարկվող նախագիծը փոփոխություններ չի բերի իրական խնդիրների լուծման առումով. Ղազարյան

Դիտարկելով մասնավորապես այն առաջարկությունը, ըստ որի` արդարադատության նախարարից, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ–ին կարող են դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք` իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, Արա Ղազարյանն ընդգծեց, որ առաջարկն ընդհանուր առմամբ բացասական չէ, պարզապես ԲԴԽ–ն պետք է ավելորդ օղակ ստեղծի իր մոտ, որպեսզի ֆիլտրվեն քաղաքացիների դիմում–բողոքները, քանզի, ըստ նրա, պարզ է, որ շատ կլինեն անհիմն կամ արկածախնդիր դիմումներ։

Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս

«Քաղաքացիները մի քիչ դժվար են պատկերացնում կարգապահական վարույթի առարկան, դրա նպատակները, հիմնականում քաղաքացիները գրում են վրդովմունքից ելնելով, երբ պարտվում են դատարանում և ուզում են, որ դատավորը պատժվի, բայց դատավորների կարգապահական պատասխանատվության նպատակը պատիժը չէ, այլ վարքագծի կարգավորումը»,– նշեց փաստաբանը։

Ղազարյանի գնահատմամբ` լավ կլիներ, որ գործող համակարգը մնար, պարզապես փաստաբանի համար պարզ չէ, թե ինչ խնդիր են տեսել երկու խողովակների` արդարադատության նախարարության և էթիկայի հարցերով հանձնաժողովի միջև, բայց եթե ԲԴԽ–ն ցանկանում է իր առանձին խողովակն ունենալ, ապա դա ավելորդ ծանրաբեռնվածություն է կառույցի համար։   

Անդրադառնալով այն դրույթին, ըստ որի` ԲԴԽ–ն նորմատիվ իրավական ակտեր կարող է ընդունել դատարանների նկատմամբ` Ղազարյանը հիշեցրեց, որ դեռևս 2015 թվականին կատարել էր հետազոտություն Արդարադատության խորհրդի մասին և առաջարկել, որ Հայաստանը վերցնի ԲԴԽ–ների հյուսիսային մոդելը, այլ ոչ թե հարավայինը, որովհետև վերջինս կառույցի լիազորությունները սահմանափակում էր միայն կարգապահական վարույթների և դատավորներ նշանակելու պարագայում, սակայն այդ մարմինները բավարար ակտիվություն չունեին դատական իշխանության մեջ։ 

«Ես առաջարկում էի հյուսիսային մոդելը, որտեղ ԲԴԽ–ի նման մարմինները քաղաքականություն մշակող, ինքնուրույն բյուջետային և դատական համակարգի կառավարման լիազորություններ ունեին։ Այն ժամանակ քննադատեցին` ասելով, որ շատ հավակնոտ է, բայց հետո պարզվեց, որ 2016 թվականից սկսած` գնացին հենց այդ ճանապարհով, այսինքն` ԲԴԽ–ն ավելի մեծ լիազորություններ, ավելի լայն գործառույթներ է ստանում` դառնալով պրոակտիվ կառույց, դատական համակարգում քաղաքականություն ձևավորող մարմին, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ընդունի նաև նորմատիվ իրավական ակտեր, և ունենա ընդհուպ մինչև ինքնուրույն կերպով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն»,– նշեց փաստաբանը։

Արման Բաբաջանյանի հարցով հանձնաժողով կստեղծվի. ԲԴԽ նախագահը դիմել է ԱԺ նախագահին

Անդրադառնալով վերոհիշյալ նախագծի այլ դրութներին, դրանց դրական ու բացասական կողմերին` Ղազարյանն ընդգծեց, որ առաջարկություններն ընդհանուր առմամբ արդյունավետ, էական փոփոխություններ չեն բերի գոյություն ունեցող իրական խնդիրների լուծման առումով։