Օնիկ Գասպարյանն առավոտից աշխատավայրում է՝ Գլխավոր շտաբում

Վարչական դատարանի միջանկյալ որոշումից հետո գեներալը շարունակում է կատարել ԳՇ պետի պարտականությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան գնացել է աշխատանքի՝ ԶՈւ Գլխավոր շտաբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները

Այս պահին նա իր աշխատավայրում է։

Մեզ տեղեկացրել են, որ նախորդ օրը ևս Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ-ում։

Ավելի վաղ Վարչական դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում, ըստ որի Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Որոշման մեջ դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանի պաշտոնանկությունն առանց համապատասխան վարչական արձանագրության ու ժամանակավորապես բավարարել է հայցը։

Դրան հետևել էր կառավարության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Օնիկ Գասպարյանի ազատումը, թեկուզ առանց նախագահի հաստատման, վավերական է իրավունքի ուժով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սահմանադրությունն այսպիսի դեպքերում հակառակ որոշում չի նախատեսում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

«Ես մի քիչ ուրիշ ձև ինձ կպահեի». Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանի` դատարան դիմելու մասին

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: