ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«90 տոկոսով վստահ ենք, որ կլինեն արտահերթ ընտրություններ, և մենք անպայման կմասնակցենք, հնարավոր է` դաշինք կազմենք։ Մասնակցելու ենք, որպեսզի ժողովուրդն ունենա իշխանության այլընտրանք, որպեսզի կարողանա այլ ուժի օգտին քվեարկել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` իհարկե ենթադրում են, որ ընտրությունները կեղծվելու են, քանի որ հանրահավաքների կազմակերպումից ամեն ինչ պարզ է դառնում։
«Բայց մենք՝ որպես ընդդիմություն, պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները և օգտվենք այդ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եթե մենք այսօր չմասնակցենք ընտրություններին, ով գիտի, թե մեկ էլ երբ կլինեն ընտրություններ, կամ կլինեն դրանք ընդհանրապես», –ասաց նա։
Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Հունիսի 20-ը` որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան