Փաշինյանը փորձում է համոզել, որ ընտրություններն աշնանը անցկացնեն. «Հրապարակ»

Թերթն անդրադարձել է վարչապետի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն տեղեկությունը, թե Փաշինյանն այսօր հանդիպելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Երբ հանդիպման օրը որոշվի, մենք կտեղեկացնենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ «Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել էր, թե այսօր կայանալու է արտահերթ ընտրությունների օրակարգով Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո հայտարարվելու է Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների կոնկրետ օրվա մասին։

Փաշինյանի հեռանալու հույսերն անհիմն են. Հայաստանը պետականությունը կորցնելու ճանապարհի՞ն է

ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը պարբերականին ասել էր, որ ինքը նման տեղեկություն չունի․ «Առաջին անգամ ձեզնից եմ լսում»։

«Իրականում առանձնապես հանդիպելու անհրաժեշտություն էլ չկա․ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հրաժարական է տալիս, իսկ Ծառուկյանը՝ որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, և ԱԺ-ն գնալու է լուծարման»,– գրել էր թերթը։

Ըստ «Հրապարակի»` խնդիրը ժամկետներին է վերաբերում՝ Փաշինյանը փորձում է համոզել ընդդիմությանը, որ ընտրություններն աշնանը անցկացնեն․ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից միայն վեց ամիս հետո կարելի է ընտրություններ անել։

ԲՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան

«Եթե անեն ամռանը, ապա միայն հին օրենսգրքով, ինչը նշանակում է անցողիկ բարձր շեմ՝ 5 տոկոս, և ռեյտինգային համակարգ։ Հին օրենսգրքի դեմ, ի դեպ, կատաղի պայքար են սկսել սորոսական կազմակերպությունները, որոնք երկու օր է՝ հայտարարություններ են անում։ Սակայն հին օրենսգրքին կողմ են և՛ Ծառուկյանը, և՛ ընդդիմությունը, ինչ-որ տեղ՝ նաև իշխանությունները»,– նշել էր թերթը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն արտահերթ ընտրությունների օրակարգով արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հետ։ «Բարգավաճ Հայաստանը» չէր ընդունել վարչապետի հրավերը: Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ հուշագիր չեն ստորագրելու:

Ծառուկյանը Փաշինյանի հետ հուշագիր պետք է որ չստորագրի. Սաղաթելյան