Օնիկ Գասպարյանի գործով դատավորին որոշել են ամեն կերպ ճնշել․ Վարդևանյանը՝ Պետրոսյանի մասին

Փաստաբանը վստահեցնում է՝ այն հիմնավորումները որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվ բավարար են, որպեսզի վարչական դատարանը հայցի ապահովում կիրառի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Ազատված Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին։

Ո՞վ է ստում` Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը. զինվորականները զարմացած են

«Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին: Ինչպես միշտ իշխանությունները զգալով, որ կարող են ստանալ ոչ իրենց հաճելի դատական ակտ, իսկ տվյալ դեպքում դա հայցի ապահովման բավարարմամբ Օնիկ Գասպարյանի կողմից ԳՇ պետի պարտականությունները կատարելուն վերադառնալն է, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին»,- գրել է նա:

Վարդևանյանը տեղեկացրել է նա, որ այն հիմնավորումները որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվ բավարար են, որպեսզի վարչական դատարանը հայցի ապահովում կիրառի։

Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանի շուրջը խնդիրներ ծագեցին, երբ փետրվարի 25-ին ԳՇ–ն պահանջեց կառավարության հրաժարականը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց գեներալին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ չստորագրեց այդ փաստաթուղթը և մարտի 10-ին դիմեց ՍԴ, որպեսզի ստուգեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթներից մեկի համապատասխանությունը սահմանադրությանը, որի հիման վրա Գասպարյանն ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Սակայն գործող օրենսդրության հիման վրա վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ մարտի 9-ին։ Իսկ ՍԴ-ում նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս։

Մարտի 10-ին` պաշտոնից ազատվելուց մեկ օր անց, Գասպարյանը հայտարարեց, որ դիմել է վարչական դատարան։ Նա վստահեցրեց, որ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով։ Իսկ թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, հայտնի չէ։

Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները