Օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի` հետախուզման մեջ գտնվող որդին

Սյունիքի նախկին մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` հետախուզման մեջ գտնվող որդին։

Ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 17-ին, ժամը 00։10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն։

Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել. ՀՔԾ պետ

Նա 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 18-ին, Սուրիկ Խաչատրյանը հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ օրհասական պահ է` կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Նա կոչ էր արել ոտքի ելնել` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Խաչատրյանը հայտնել էր, որ երկու օր առաջ է վիրահատվել, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, բայց շուտով կմիանա սյունեցիներին, որ միասին ամուր պահեն երկիրը։