Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին

Ռուսաստանի նախագահն արդեն ստորագրել է 82-ամյա Արթուր Չիլինգարովի վերաբերյալ հրամանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր աշխարհագրագետի պատվավոր կոչում է շնորհել Ռուսական աշխարհագրական ընկերության առաջին փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

««Ռուսաստանի Դաշնության վաստակավոր աշխարհագրագետ» պատվավոր կոչում շնորհել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր, Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսական աշխարհագրական ընկերություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Արթուր Նիկոլաևիչ Չիլինգարովին», - ասված է հրամանագրում:

Չիլինգարովն «աչք է տնկել» Պուտինի տեղի վրա. զավեշտալի դեպք Կրեմլում

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։

Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։

«Շատ եմ կարոտում». Արթուր Չիլինգարովը խոստացել է շուտով Հայաստան գալ