Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ճգնաժամից դուրս գալու համար քաղաքական լուծումներ են պետք` գնալով սահմանադրական ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ արտախորհրդարանական 17 ուժերի նպատակներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Տեր–Պետրոսյանի հայտարարությանը։

Պատվիրատուների ցուցումն է. Վազգեն Մանուկյանի պաշտպանը զարմացած է քրգործի զարգացման տեմպից

Վերջինս մասնավորապես նշել էր, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է, և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:

«Իմ կարծիքով` Լևոն Տեր–Պետրոսյանն արձագանքել է Վազգեն Մանուկյանի հայտարարած կետերին։ Նրա առաջարկած միակ ելքն իրատեսական չէ, քանի որ առաջին նախագահը շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց։ Սակայն, կարծում եմ, հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Փաշինյանն ունի առաջնային մանդատ, ինչից ելնելով էլ նա առաջարկում է արտահերթ ընտրություններ»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ առաջին անգամ է տեսնում, որ Վազգեն Մանուկյանի և Տեր–Պետրոսյանի տեսակետները համընկնում են։

Նրա խոսքով` այսօր ԶՈւ–ի «փեշերից» բոլորն են կախվել և ուզում են հայտնի ուժերի դերում տեսնել ԶՈւ–ի վերին սպայակազմին։  Քոչարյանը նշեց, որ ճգնաժամից դուրս գալու համար քաղաքական լուծումներ են պետք` գնալով սահմանադրական ճանապարհով։

«Եփած թեմա է, որը վտանգներ պարունակում է». Անդրանիկ Քոչարյանը` ԳՇ–ի հայտարարության մասին

Հարցին, թե իր կարծիքով Տեր–Պետրոսյանը համագործակցո՞ւմ է Վազգեն Մանուկյանի հետ` Քոչարյանը պատասխանեց՝ ոչ. առաջին նախագահը միշտ էլ եղել է ինքնուրույն գործող անձ։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էր հայտարարություն տարածել` ասելով, թե ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրը ստեղծված իրավիճակից փրկելու համար։

Նա, մասնավորապես, 3 տարբերակ էր նշել` ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ։ Հաջորդ տարբերակը՝ բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով: Իսկ երրորդ տարբերակն էլ այն մասին էր, որ պետք է հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով): Սա, ըստ Մանուկյանի, ամենավտանգավորն է։