ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։
Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին:
Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ:
ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը
Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում:
Ավելի վաղ Լինդեն հանդիպել էր ՀՀ ու ԱՀ արտգործնախարարների և վարչապետի հետ։