Ամեն ինչ ըստ պլանի. Ադրբեջանում կրկին զորավարժություններ են մեկնարկել

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական մանևրներում ռիսկ չի տեսնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ զորավարժություններ կանցկացվեն նաև Հայաստանում մարտի 16-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Արցախում ռազմական էսկալացիայից հետո կրկին մեկնարկում են ադրբեջանական բանակի զորավարժությունները, որոնց կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայողներ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ամեն ինչ ըստ պլանի

Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն նաև շուրջ 100 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները կանցկացնեն բարդ ռելիեֆով լեռնային անտառապատ տեղանքում, հիմնական ուշադրությունը կհատկացվի զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստությանը, մարտական ներդաշնակության կատարելագործմանը և զորամիավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի փոխգործակցությանը:

Զորավարժությունների ընթացքում հակաահաբեկչական գործողություններ կմշակվեն։

Հայաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն` մարտի 15-ից ադրբեջանական բանակում օպերատիվ  մարտավարական զորավարժություններ կանցկացվեն զորքերի (ուժերի) տեսակների ներգրավմամբ»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի զորավարժությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում, դրանք պլանային բնույթ են կրում:

Նա նաև ընդգծել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են վերահսկողություն իրականացնել իրավիճակի նկատմամբ:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն էլ մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում են անցկացվելու մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Ռուս խաղաղապահները մարտական փորձառություն են մշակում «Ստեփանակերտ» զորավարժարանում