Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է․ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան

Նախկին դեսպան Ջոն Էվանսը մեկնաբանել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Twitter-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է լրագրող Անի Ավետիսյանի գրառումը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և իշխանությունների միջև վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։ Էվանսը նաև մեկնաբանել է այդ գրառումը:

«Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է»,- գրել է նախկին դեսպանը։

ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է վարչապետի խոսնակի «ագրեսիվ բառապաշարին» ու «Իմ քայլին»

Ավելի ուշ Էվանսը գրառում է արել ադրբեջանական կողմից գերեվարված 18-ամյա Էրիկ Խաչատրյանի մասին։

«Վաղուց ժամանակն է փոխանակել բոլոր ռազմագերիներին, ինչպես համաձայնեցված էր նոյեմբերի 9-ին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հետ էր կանչվել դիվանագիտական առաքելությունից և Պետդեպարտամենտից հեռացվել 2006 թվականին։ Պատճառն այն է, որ նա 2005 թվականի փետրվարին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում կայացած հանդիպման ժամանակ 1915 թվականի իրադարձություններն անվանել էր «ցեղասպանություն» եզրույթով, ինչը հակասում էր այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանը:

Հայաստանում Էվանսին հիշում են մեծ ջերմությամբ և անվանում «հայ ժողովրդի մեծ բարեկամ»։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։

Նշենք, որ կառավարությունը մարտի 11-ի նիստում ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկը՝ կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Այն սահմանում է, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից: Փաստորեն, այս փոփոխությամբ կարող է կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն։ Թաթոյանն այս որոշումը խտրական է անվանում, կարծում է, որ այն ուղղված է ՄԻՊ-ի գործունեությունը սահմանափակելուն։

«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ