Արցախի ՊՆ–ն նույնպես հերքում է Կարմիր շուկայի մասին լուրը

ԱՀ պաշտպանական գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik.Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքու է հայկական զինված ուժերի զինծառայողներին Կարմիր շուկայի ճանապարհից հանելու մասին լուրը` նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։

«Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին, իրականությանը չեն համապատասխանում»,– ասված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նաև հորդորում է զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:

Ո՞վ է ստում` Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը. զինվորականները զարմացած են

Ավելի վաղ տեղեկությունը հերքել էր նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Կարմիր շուկայի հատվածը կարևոր է նրանով, որ ապահովում է կապը Շուշիի հետ։ 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր շուկայով անցնող ճանապարհով հասնում էին Շուշի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր դրեց, որից հետո հայ զինվորականները ստուգում են այդ ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:

Եթե ճանապարհը հանձնվի ադրբեջանական ուժերի վերահսկողությանը, կարճ ժամանակ անց Կարմիր շուկան կհայաթափվի ու նույնպես կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ Կարմիր շուկայի ճանապարհը հանձնելու լուրերն առաջին անգամ չէ, որ տարածվում են։

Մեկ ամիս առաջ` փետրվարի 7-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ էր անդրադարձել այդ հարցին։

«Մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա–Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին»,– Facebook–ի իր էջում գրել էր Հարությունյանը։

Նա նաև պահանջել էր հրաժարվել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց։