Պուտինը խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը և Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, և այդ համատեքստում դրական է գնահատվել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

Փաշինյանն ու Ալիևը բարձր են գնահատել շփման գծում ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:

Հիշեցնենք` Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ զրուցել էին փետրվարի 27-ին՝ ռուսական «Իսկանդերների» շուրջ ծավալված սկանդալից մի քանի օր անց: