Փաստաբանների պալատի նախագահը մտադիր է ՀՀ նախագահի հարցով դիմել դատարան

Արմեն Սարգսյանի մասին բացահայտումները չեն ավարտվել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արա Զոհրաբյանը հայտնեց, որ հարցումներ են ուղղել նաև ՀՀ նախագահին ու այլ աղբյուրների, որոնց պատասխանները ևս Զոհրաբյանը խոստանում է հանրայնացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի բացառում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «վախերի բացահայտումների» արդյունքներով դիմի դատարան։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Չի բացառվում, որ գործընկերներով հանցագործության մասին հաղորդում ներկայացնենք, որովհետև ստացվում է, որ ՀՀ նախագահն առնվազն կեղծ տեղեկություններ է տրամադրել իր քաղաքացիության մասին։ Թե ինչ կլինի իրավական հետևանքը, չեմ կարող ասել, բայց որ հասարակության առաջ նախագահի բարոյական պատասխանատվության հարցը բարձրացվի, նույնիսկ դա ինձ համար բավարար կլինի»,– ասաց Զոհրաբյանը։

Մարտի 10-ին նա հայտարարել էր, որ սկսում է Արմեն Սարգսյանի վախերի բացահայտման գործընթացը:

Զոհրաբյանի հրապարակած առաջին բացահայտումները վերաբերում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին ու բիզնես գործունեությանը։

Իշխանության և ընդդիմության` նախագահի նախաձեռնած հանդիպման ձևաչափը դեռ հայտնի չէ

Զոհրաբյանը դիմել էր բրիտանական «Eurasia House International» ընկերությանը և տեղեկացել, որ Արմեն Սարգսյանը 30.05.2002–ից մինչև 09.06.2015–ը հանդիսացել է «Eurasia House International»-ի տնօրենը, այն դեպքում, երբ 2013-2018թթ.–ին գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:

Բրիտանական ընկերությունից նաև հայտնել էին, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը:

Զոհրաբյանը հիշեցնում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը բաց էր դեռ 2018թ–ի իշխանափոխությունից առաջ, ու 2018թ–ի փետրվարին ՀՀ նախագահ նշանակվելուց հետո հենց Նիկոլ Փաշինյանն էր ամենից շատ այդ խնդիրը բարձրացնում։ Բայց վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, որ տեսել է Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը, և հարցը փակվեց։

Մինչդեռ, Զոհրաբյանի տեղեկություններով, Արմեն Սարգսյանը չի բավարարում ՀՀ նախագահի պաշտոնի համար պարտադիր 6 տարի միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջին։ Զոհրաբյանի տեղեկություններով` Սարգսյանը 2003թ–ին ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, որը դադարեցվել է 2012թ–ի աշնանը` նոյեմբերին։ Իսկ նախագահ է նշանակվել 2018թ–ի փետրվարին`6 տարին չլրացած։

«Այդ հաճույքն իրենց չենք պարգևի». Իշխան Սաղաթելյանն ասաց` որ պարագայում կգնան հանդիպման

«Ես նախագահի անձին ինչ–որ տեղ նաև վերապահումով եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում այս մի քանի տարում ու նաև դրանից առաջ, ինքն էլ իր որոշակի դերակատարությունն ունի դրանում ու իր այստեղ լինելն էլ պատահական չէ»,– ասաց Զոհրաբյանը` որպես օրինակ նշելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ծավալված իրադարձությունները։

Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա. Սաղաթելյանը` ընտրությունների կեղծման վտանգի մասին

«Այն կարևոր վճռական պահին, երբ ինքը մի պահ հասկացավ, որ կարող է լուրջ խնդիր առաջանալ, իմ կարծիքով` ճիշտ կեցվածք դրսևորեց` նախագահին վայել կեցվածք, ու վարչապետի միջնորդությունը առարկություններով վերադարձրեց։ Հետո իր այդ կեցվածքի փոփոխությունը չհիմնավորված ու անգործության այդ կաղապարի մեջ մտնելը, բնականաբար, ինձ մոտ հարց է առաջացնում, որ ուրեմն այս մարդու նկատմամբ կա ճնշում։ Այսինքն այս մարդն ինչ–որ բաներից վախենում է ու իրեն ինչ ասում են, խելոք անում է»,– ասաց Զոհրաբյանը։

Հենց այսօրինակ խնդիրների բացառման համար էլ, ըստ փաստաբանների պալատի նախագահի, ինքն ու իր գործընկերները նախաձեռնել են «Արմեն Սարգսյանի վախերի բացահայտման գործընթացը»։

«Այս բացահայտումով մենք ցույց կտանք մեր հասարակությանը, թե ինչու է ՀՀ նախագահն այսպես անվճռական պահում իրեն երկրի համար կարևոր իրադարձությունների ժամանակ։ Երբ որ վախը բացահայտում ես, դնում ես սեղանին ու այն բոլորը տեսնում են, այն արդեն կոմպրոմատի ուժ չի ունենում»,– ասաց փաստաբանների պալատի նախագահը։

Այսքանով, սակայն, Զոհրաբյանի թիմի բացահայտումները չեն ավարտվում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արա Զոհրաբյանը հայտնեց, որ հարցումներ են ուղղել նաև ՀՀ նախագահին ու այլ աղբյուրների, որոնց պատասխանները ևս Զոհրաբյանը խոստանում է հանրայնացնել։

Արտակ Դավթյանը դեռ չի կարող նշանակվել ԳՇ պետ. Մելոյանը հայտնում է` ինչու