ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik, Նելլի Դանիելյան. Մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում, թե արդեն ազատված է այդ պաշտոնից, կախված է նրանից, թե նա ինչ պահանջով է դիմել ՀՀ Վարչական դատարան։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսկերպ մեկնաբանեց ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավական իրավիճակը։
«Այս հարցին պատասխանելու համար որոշակի տեղեկություններ են պետք, որոնք այս պահին ես չունեմ։ Դրա համար չեմ կարող ասել, թե Օնիկ Գասպարյանն իր պաշտպանությունն իրականացնելիս ինչ ճանապարհ է ընտրել։ Դա կախված է նրանից, թե Օնիկ Գասպարյանն ինչ հայցապահանջ է ներկայացրել Վարչական դատարանին, ու նաև` հայցի ապահովման միջոցներ խնդրել է, թե չի խնդրել։ Եվ, եթե խնդրել է` ինչ միջոցներ է խնդրել»,– ասաց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի` դեռևս վիճելի չափով ազատված աթոռին նոր հավակնորդի նշանակելու վարչապետի առաջարկին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած առարկություններին, ապա դրանք Զոհրաբյանը դիտարկում է նախագահի կորսված վարկանիշի տեսանկյունից, բայց և չի բացառում, որ այս դեպքում ևս իրադարձություները նույնկերպ կհաջորդեն միմյանց, ինչպես Գասպարյանի ազատման դեպքում։
«Որքանով ես հասկացա նախագահի հայտարարությունից, նա անգործություն է դրսևորելու, այսինքն` արդեն ասել է, որ չի ստորագրելու ու չի դիմելու ՍԴ, թեև մինչ այդ առարկություններով վերադարձրել էր վարչապետին։ Ես` որպես քաղաքացի, կարծում եմ, որ նախագահը գիտակցել է, որ վարկանիշի լուրջ անկում ունի, որովհետև բոլորը հասկացան, որ այս գործընթացում եթե ոչ առաջին, ապա երկրորդ պատասխանատուն ինքն է։ Եվ ինքն այնպիսի վիճակ ստեղծեց, որ ժողովրդին ուղղակի թողեց բախտի քմահաճույքին։ Այսինքն` եթե գեներալների ու իշխանությունների միջև լինեին բախումներ, դրա պատասխանատուն լինելու էր Արմեն Սարգսյանը։ Դա նաև ինքը գիտակցեց ու հիմա փորձում է Փաշինյանին չակերտավոր դիմադրություն ցույց տալ` դրանով հասարակությանը ցույց տալով, որ ինքը կարող է նաև վճռական լինել»,– ասաց Զոհրաբյանը։
Բայց սա, ըստ նրա, դա արդեն որևէ իրավիճակ չի փոխի, բացի մի քանի օր ժամանակ ձգելուց, ու օրենքով նախատեսված 5+3 օր հետո Արտակ Դավթյանի նշանակման հրամանագիրը կմտնի ուժի մեջ։
Ինչո՞ւ է վարչապետն ընտրել Արտակ Դավթյանին. ռազմական մեկնաբանը խոսել է պատճառների մասին
Ինչ վերաբերում է Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վարչապետի միջնորդությանը ՀՀ նախագահի ներկայացրած առարկություններին, որոնք ի դեպ, մինչ այս պահը չեն հրապարակվել, Արա Զոհրաբյանը ենթադրում է, որ դրանք կապված են հենց նախորդ` Օնիկ Գասպարյանին այդ նույն պաշտոնից ազատելու հրամանագրի հետ։
«Նախագահը կարող է ձևական առումով ասել, որ ես հիմա նշանակումը խնդրահարույց եմ տեսնում, որովհետև նախորդի ազատումն էր խնդրահարույց։ Այսինքն` եթե նախորդի ազատումը խնդրահարույց է, ապա ես նորին չեմ կարող նշանակել»,– ենթադրում է Արա Զոհրաբյանը։
Ի դեպ, Օնիկ Գասպարյանի ազատման համար հիմք հանդիսացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի սահմանադրականության հարցում փաստաբանների պալատի նախագահի կարծիքը ՀՀ նախագահի կարծիքի հետ համընկնում է։
«Սա, իհարկե խնդիր է, որովհետև չի կարելի թույլ տալ առանց պատճառի դադարեցնել բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ կնքված պայմանագրերն ու այդ կարևոր պաշտոնը զբաղեցնող անձանց առանց պատճառի ազատել աշխատանքից։ Առավել ևս, երբ Սահմանադրությունը հատուկ մի հոդված նվիրել է ԳՇ պետին և նկարագրել, որ նա նշանակվում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետով։ Նշանակում է այստեղ չես կարող օրենքով մոնիպուլյացնել ու երբ ուզես, այդ մարդուն գործից հանես»,– ասաց Զոհրաբյանը։
Այդուհանդերձ, եթե նույնիսկ ՍԴ–ն օրենքի այս վիճարկվող դրույթը հակասահմանադրական ճանաչի, դա Օնիկ Գասպարյանի ազատման որոշման վրա ուղղակիորեն չի ազդելու։ Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ` անգամ այս դեպքում հրամանագիրը պետք է վիճարկվի դատարանում նաև այս հիմքով։
«Բայց ՍԴ–ն այս հարցով որոշում կարող է ընդունել 6-7 ամիս հետո։ Իսկ այդ դեպքում, ինչպես ասում են` Զատիկից հետո որևէ մեկին կարմիր ձու պետք չէ։ Եվ արդեն իմաստ էլ չի ունենա այս պատմության համար»,– նշեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` փետրվարի 27–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` Օնիկ Գասպարյանին ԳՇ շտաբի պետի պաշտոնից հեռացնելու մասին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն, այն չստորագրեց և հետ ուղարկեց վարչապետին։ Վարչապետն էլ առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը և դիմելու է ՍԴ, բայց ոչ թե Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի։
Մարտի 9-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Միաժամանակ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար:
Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է վարչապետին, վարչապետն էլ նորից այն ուղարկել է նախագահին։ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ այն չի ստորագրելու ու ՍԴ չի դիմելու։
Իսկ պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ դիմում է Վարչական դատարան` բողոքարկելով իր պաշտոնանկության մասին որոշումը։ Առ այս պահը դատարանն այն վարույթ չի ընդունել։