ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը գերիների հարցն է քննարկել Արցախի ԱԺ նախագահի հետ

Հայաստանն արդեն իսկ Եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի՝ պատերազմական հանցագործությունների առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

«Պնդել եմ, որ Մարալը պատանդ է». Սինանյանը Մոսկվայում քննարկել է նաև հայ գերիների խնդիրը

«Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ հարցն օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև շարունակվող միջպետական իրավական գործընթացը: Մասնավորապես, Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը:

Քննարկվել է նաև տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը: