Արտակ Դավթյանը դեռ չի կարող նշանակվել ԳՇ պետ. Մելոյանը պարզաբանում է` ինչու

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելիս» իշխանությունը ղեկավարվել է «5+3» բանաձևով։ Նույնը գործում է Արտակ Դավթյանի պարագայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Սահմանադրագետ Գոհար Մելոյանը վստահեցնում է, որ Արտակ Դավթյանին մինչև մարտի 20-ը չի կարող ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակվել։ Մելոյանն այս պնդումը հիմնավորել է Facebook–ի իր էջում։

Օնիկ Գասպարյանի նահանջի պատճառը. Փաշինյանի հարցում նա այսքան միամի՞տ է. «Հրապարակ»

Հաշվի առնելով Արտակ Դավթյանին րոպե առաջ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հարցում իշխող ուժի շտապողականությունը՝ Մելոյանն անհրաժեշտ է համարել հիշեցնել, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելիս» ղեկավարվել են «5+3» բանաձևով։

Նա բացատրել է, թե ինչ է ենթադրում այդ բանաձևը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում նախագահի առարկությունը, ապա նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է ՍԴ: Իսկ նախագահը մարտի 11-ին առարկություններով վերադարձրել է Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։ Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

«Այնուհետև նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։ Հետևաբար «5+3» բանաձևով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին, և մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված»,–գրում է Մելոյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին` պաշտոնից ազատվելուց մեկ օր անց, Գասպարյանը հայտարարեց, որ դիմել է վարչական դատարան։ Նա վստահեցրել էր նաև, որ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով։ Իսկ թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, հայտնի չէ։