ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել. «Հրապարակ»

Տեղեկություններ կան, որ Արմեն Սարգսյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

Ըստ լրատվամիջոցի` նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և ՀՀ նախագահին հիմա ստենդավորում են։

«Մենք փորձեցինք լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։ Հիվանդանոցից մեր աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ»,– գրում է կայքը։

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։ 

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Սարգսյանը Երևան վերադարձավ փետրվարին։