Տիրան Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելը նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու հիմք է

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ում իրավական վերլուծություն է ներկայացրել Տիրան Խաչատրյանի հայցի շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ`ներկայացնելով իր հիմնավորումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի դատական հայցը դատական վարույթ ընդունելը հիմք է նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու համար` մինչև դատարանի վերջնական որոշման ուժի մեջ մտնելը։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. ինչ է դա նշանակում

Տիրան Խաչատրյանի հայցի շուրջ քննարկումների վերաբերյալ Facebook-ում նման եզրահանգում է անում փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը` ներկայացնելով իր հիմնավորումները։

Փաստաբանը նախ հիշեցնում է, որ Տիրան Խաչատրյանը 2021 թվականի մարտի 3-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վերջինիս 24.02.2021 թվականի ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։

Դատարանը 10․03․2021 –ի որոշմամբ Խաչատրյանի հայցը վարույթ է ընդունել։

«Խաչատրյանի կողմից ներկայացված հայցը Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով համարվում է վիճարկման հայց, որի շրջանակում հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (այս պարագայում ՆՀ-25-Ա հրամանագիրը)»,– նշում է փաստաբանը։

Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան

Ինչ վերաբերում է հրամանագրի գործողության կասեցմանը, ապա այն, ըստ իրավաբանի, կասեցվում է իրավունքի ուժով, մասնավորապես` Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

«Վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար և որևէ լրացուցիչ որոշման կամ դիրքորոշման կարիք չկա»,– նշում է Ռոբերտ Հայրապետյանը` հավելելով, որ դատարանը հավելյալ որոշում կկայացներ միայն այն դեպքում, երբ առկա լիներ օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկը, որը արգելք կլիներ ակտի կասեցման համար։

Նշենք, որ վկայակոչվող հոդվածի համապատասխան կետերը վերաբերում են այն դեպքերին, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման, երբ դրա անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից, երբ վիճարկվում է հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ակտը, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման ակտը, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտը:

Հիշեցնենք` Հիշեցնենք`2021թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Տիրան Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։