Տավուշում սահմանազատման աշխատանքներ չեն կատարվում. մարզպետը խոսել է խուճապի պատճառներից

Իր ղեկավարած մարզում տարածված կեղծ տեղեկատվության հետևանքները վերլուծելով` մարզպետը հանգել է մեկ հիմանակն եզրակացության. Հայաստանում առկա է տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական գրագիտության ու տեղեկատվական դիմակայության լուրջ խնդիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան, Նելլի Դանիելյան. Տավուշում սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ չեն կատարվում և մոտ ապագայում էլ նախատեսված չեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` մեկնաբանելով վերջին շրջանում համացանցում տարածված տեղեկությունները։

«Չեմ կարծում, որ մոտ ապագայում ընդհանրապես հնարավոր է դա։ Բայց, որքան որ ես եմ տեղյակ համապատասխան ընթացակարգերից, դա անհնար է առանց երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։ Սա նշանակում է, որ մենք մոտ ապագայում նման խնդրի առաջ հազիվ թե կանգնենք։ Մեզ համար այսօր մեր սահմանն այն սահմանն է, որտեղ կանգնած են մեր զինվորները։ Մեզ համար դա է մեր սահմանն Ադրբեջանի հետ։ Դա է այն ստատուս քվոն, որը մենք ընդունում ենք որպես իրականություն»,– ասաց Չոբանյանը։

Իսկ Տավուշի մարզում սահմանների չափագրման մասին լուրերի սկզբնաղբյուրն, ըստ Տավուշի մարզպետի, եղել են ադրբեջանական աղբյուրները։

Տավուշում խուճապ չկա, բայց ինչ-որ բան է կատարվում

«Եթե այդ լրիվ մտացածին տեղեկատվությունը հայկական սահմանին ադրբեջանցիների կողմից իրականացվող գործողությունների, հայկական հողերի հանձնման հետ կապված լուրերը պտտվեին միայն ադրբեջանական ԶԼՄ–ներում, դա ոչ մեկի մոտ որևէ հարց ու առավել ևս զարմանք չէր առաջանա»,– ասաց Չոբանյանը։

Իսկ թե ինչու այդ լուրերը սկսեցին արագորեն տարածվել նաև հայկական տիրույթում, Տավուշի մարզպետը դա պատճառաբանում է պատերազմում հայկական կողմի կրած պարտությամբ։

«Բոլորս ցնցված ենք, բնակչությունը գտնվում է գերզգայուն վիճակում և ցանկացած նման տեղեկատվություն հղի է մեծ խուճապներ առաջացնելու վտանգով։ Այդ է պատճառը, որ այդ տեղեկատվություն մեծ թափով, ուղղակի` անկանխատեսելի կոերպով դարձավ նոր խուճապի առարկա։ Տավուշում այդ օրերին դա ոչ միայն թիվ մեկ քննարկվող հարցն էր, այլ թիվ մեկ մտահոգությունն էր։ Մինչև մենք սկսեցինք ներքին աշխատանք վարել, հետո արդեն ստիպված էինք պաշտոնական հերքմամբ հանդես գալ, որովհետև ալիքը շատ տարածվել էր, մենք արդեն չէինք կարողանում հետևից հասնել։ Այսինքն` այդ ապատեղեկատվության առաջին ալիքն այնքան հուժկու էր, որ մենք չէինք կարողանւմ մեր ռեսուրսներով հետևից հասնել»,– ասաց նա։

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Տավուշի մարզպետը և Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած անձինք

Հայկ Չոբանյանի համոզմամբ` նման խուճապի պատճառը ոչ միայն բուն պատերազմն է ու դրա անցանկալի ելքը, այլև պատերազմին հաջորդած հայկական տարածքների հանձնումը, ընդ որում` ոչ միայն Արցախի տարածքում, այլև Սյունիքում։

Վերադարձանք Երևան. ԼՀԿ պատգամավորը պատմել է տարածվող լուրերի ու Տավուշում տեսածի մասին

Սյունիքում ռուս խաղաղապահների լուսանկարը, որը մեծ տարածում էր գտել համացանցում, Հայկ Չոբանյանը ևս համարում է խուճապային տրամադրությունների արտահայտություն` նշելով, որ այլ պայմաններում ռուս զինվորականների ներկայությունը մարզում գուցե նույնիսկ չնկատվեր։ Իսկ թե ինչ առաքելությամբ էին ռուս խաղաղապահներն այցելել մարզ, Չոբանյանը չկարողացավ մեկնաբանել` նշելով, որ այդ հարցը դուրս է իր իրավասությունից։

Ներկայացնելով այդ տեղեկատվության առաջացրած խուճպային տրամադրությունները տավուշցիների շրջանում, մարզպետը նշեց, որ սահմանամերձ գյուղերից մեկից նույնիսկ մի քանի ընտանիքներ են հեռացել այդ օրերին։

«Սահմանապահ գյուղում ապրելը հեշտ չէ, մանավանդ, որ այս ընթացքում մենք պարբերաբար ունեցել ենք լարված շրջաններ` հուլիսյան դեպքերը, որ բավական լուրջ պատերազմ էին, արցախյան 44–օրյա պատերազմը, որից հետո մեր բնակչույունը հասկացավ, որ նույնիսկ զենքերն են փոխվել, կիրառվում են անօդաչուներ, ու դա նշանակում է` պատսպարվելու այն հնարավորությունները, որոնք կային նախկինում, այժմ ընդհանրապես վերանում են։ Բնական է, որ մարդկանց մոտ բնազդ է միանում, հատկապես ծնողական բնազդը։ Ես շատ ցավում եմ, որ այս օրերին մենք դարձյալ այդ տագնապի միջով անցանք»,– ասաց Չոբանյանը` հավելելով, որ կարելի է գրել ու ասել ամեն ինչ, բայց պետք է նաև մտածել դրա հետևանքների մասին։

Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան

Մարզպետը չի բացառում, որ այդ օրերին հեռացողները գուցե որոշեն այլևս չվերադառնալ, իսկ սահմանամերձ մարզում իրականացվող ներդրումային ծրագրերն այսօր ոչ թե շարունակվում, այլ վերագործարկվում են։

«Արդեն այդ մարդկանց հետ որ խոսում ենք, զգում ենք, որ կան որոշակի մտահոգություններ, լարված են, և դա բնական է։ Ժամանակ կանցնի, մենք կհամոզենք իրենց, որ դա դեզինֆորմացիա է, եթե, իհարկե, նորից ինչ–որ մեկը նման մեկ այլ տեղեկատվություն շրջանառության մեջ չդնի»,– ասաց Չոբանյանը։

Իր ղեկավարած մարզում տարածված կեղծ տեղեկատվության հետևանքները վերլուծելով` մարզպետը հանգել է մեկ հիմնական եզրակացության. Հայաստանում առկա է տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական գրագիտության ու տեղեկատվական դիմակայության լուրջ խնդիր։

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական տեղեկատվական տեռորը հաղթում է մեզ ոչ միայն Հայաստանից դուրս, այլև Հայաստանի ներսում»,– ասաց Չոբանյանը։

Մարզպետը չի հերքում նաև իշխանությունների տարածած տեղեկատվության նկատմամբ քաղաքացիների վստահության կորստի գործոնը`համաձայնելով Sputnik Արմենիայի թղթակցի դիտարկմանը պատերազմի ընթացքում իշխանությունների տարածած ոչ ամբողջական ու ոչ ճշգրիտ տեղեկատվության վերաբերյալ։

«Երբ ես խոսում էի պատերազմի հասցրած հարվածի մասին, խոսքը հենց հիմնականում դրան էր վերաբերում։ Ես չեմ տարանջատում իշխանություն, թե ոչ իշխանություն։ Վստահության անկում բնականաբար կա, և պարտությունը դրա ամենամեծ պատճառն էր»,– ասաց Չոբանյանը։

Տավուշի մարզպետի համոզմամբ` կորսված վստահությունը հնարավոր է վերականգնել միայն զարգացման, պետական ինստիտուտների կայացման ճանապարհով։ Բայց դրա համար ժամանակ ու լուրջ աշխատանք է պետք։

Հիշեցնենք` վերջին օրերին համացանցում ակտիվ խոսակցություններ են պտտվում Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների հավանական զիջումների մասին, որոնց, ըստ նույն աղբյուրների`մասնակցում են ռուս զինվորականները։

Այդ օրերին Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ով է ասել ռուսների մասնակցության մասին ու գրեթե բոլոր բնակիչները պատասխանեցին` այդ մասին Facebook-ում են կարդացել։