ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստը սկսեց կորոնավիրուսի համավարակի տարածման վիճակագրության մասին դիտարկմամբ։
«Պիտի ցավով նշեմ, որ բավական երկարատև ընդմիջումից հետո մենք նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք»,– ասաց Փաշինյանը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին առաջարկելով ներկայացնել հիվանդացության իրավիճակը։
«Երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748–ը։ Ինչպես և նախատեսում էինք անցած շաբաթ, ունենք հիվանդացության բավական աճ»,– նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին ընդունում են 9 բուժհաստատություններ, որոնցում այս պահին 901 հիվանդ է բուժում ստանում։ Ազատ մահճակալների թիվը 100 է։ Նախարարությունը աշխատանքներ է տանում մահճակալների թիվն ավելացնելու ուղղությամբ։
«Բայց իհարկե մեր մահճակալների թիվն անսպառ չէ, և ուզում եմ զգուշացնել, որ մեր հիվանդների թիվն ավել չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք, և չունենանք պացիենտներ, որոնք հիվանդ կլինեն, բայց ստիպված կլինեն տանը մնալ, և հնարավորություն չի լինի նրանց հոսպիտալացնելու»,– ասաց Ավանեսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ հավելյալ սահմանափակումների կարիք, այնուամենայնիվ, չի լինի։
Դպրոցները կրկին կանցնեն հեռավար ուսուցմա՞ն. պատասխանում է ԿԳՄՍ փոխնախարարը