Հեռավար կամ միայն դասագրքով հնարավոր չէ ֆիզկուլտուրայի լիարժեք դասաժամ ապահովել. Քեշիշյան

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) դոցենտ, սպորտի վարպետ Քրիստինե Քեշիշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդման մեթոդիկային և ՀՀ–ում մասսայական սպորտին առնչվող հարցերին։ 
Sputnik

Քրիստինե Քեշիշյանի դիտարկմամբ` համավարակի ժամանակ ֆիզկուլտուրայով զբաղվելու և հանրակրթական ծրագիրն առաջ տանելու թերևս միակ տարբերակը հեռավար ուսուցումն էր, սակայն դրա արդյունավետությունը ցածր է։ 

«Տեսական գիտելիքները կարևոր են, երեխան պետք է իմանա` ինչպես մարզվել, ինչպես կազմակերպել առօրյան ֆիզիկական ակտիվության առումով, բայց միայն դասագրքով երկար շարունակելն իսկապես անհնար է։ Մեր ինստիտուտը գտավ որոշակի մեթոդներ, միջոցներ` այդ ամենն ավելի գրագետ կազմակերպելու համար։ Ինքս ստեղծեցի հատուկ տեսահոլովակներ, որպեսզի երեխաներն ավելի մատչելի տարբերակով դա անեն, բայցևայնպես, նման կերպ պարապելն արդյունավետ չէ, որովհետև կորչում է հետաքրքրությունը ոչ միայն առարկայի, այլ ընդհանրապես ֆիզկուլտուրայի հանդեպ»,– նշեց ՀՖԿՍՊԻ դոցենտը։ 

Անդրադառնալով Հայաստանում մասսակայան սպորտի հետ կապված ներկա իրավիճակին` Քեշիշյանն ընդգծեց, որ այն իրոք անհրաժեշտություն է, ոչ թե ձևականություն, ինչը պետք է հասցնել քաղաքացիների գիտակցությանը։ Ըստ նրա`մասսայական սպորտը պետք է լինի մեր առողջ ապրելակերպի մի մասնիկը։

Հեռավար լողի դասեր անջուր «լողավազանում». զվարճալի տեսանյութ` 4 փոքրիկների մասնակցությամբ

Քեշիշյանը գոհունակությամբ նշեց այն հանգամանքը, որ մասսայական սպորտը մեզնում զարգանում է, մարդիկ հասկացել են, որ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ են համապատասխան մարզումներ և ֆիզիկական ակտիվություն, ինչը վկայում է ֆիթնես ակումբների հաճախելիության աստիճանը։ 

Սպորտի վարպետի համոզմամբ` լավ մարզավիճակը կարևոր է նաև տարատեսակ վարակներից խուսափելու համար, որպեսզի անգամ վարակվելու դեպքում մարդիկ թեթև տանեն հիվանդությունը։ Ըստ նրա` շատ կարևոր է ֆիզկուլտուրայով ակտիվ զբաղվել ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի արդյունքը լինի երկարատև։  

Հանրայինի եթերում դասախոսություններ կհեռարձակվեն. Հարությունյանը` հեռավար ուսուցման մասին