Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

​Եկեք անկեղծ լինենք։ Կանանց միամսյակ ունենք` ողջ աշխարհը չունի, բայց իրականում, դա էլ հո գաղտնիք չէ, մեր սիրելի կանանց մարտի 8-ին շնորհավորում ենք, ծաղիկ ու շոկոլադ նվիրում, ու դրանով ամեն ինչ ավարտվում է։
Sputnik
Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Եվ քանի որ տղամարդիկ  գերադասում են զբաղվել քաղաքականությամբ, կինն էլ տրամաբանորեն մտածում է՝ է, ես էլ ոչ պակաս հաջողությամբ կարող եմ զբաղվել այդ զզվելի գործով՝ քաղաքականությամբ, ավելին, հարմար առիթի դեպքում կգրավեմ ամուսնուս տեղը, նույնիսկ եթե նա նախագահ է կամ առնվազն վարչապետ։ Օրինակներ՝ որքան ուզեք։ Հիշենք թեկուզ, թե ժամանակին ում հաղթեց Դոնալդ Թրամփը։ Այո՛, շատ ճիշտ եք, Հիլարի Քլինթոնին, որը չգիտես ինչու համոզված էր, թե նույն ընտանիքում անպայման նախագահ պիտի լինեն թե՛ մարդը, թե՛ կինը։ Եվ Հիլարին միակը չի։

Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից

​Սակայն, ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, որն այդպես էլ նախագահ չդարձավ, որոշ կանանց հաջողվեց ամուսնուց հետո զբաղեցնել նրա բարձրագույն պաշտոնը։ Ընդ որում, ամուսնու և կնոջ դերի մասին կարծիքները հասարակությունում երկու մասի են բաժանվում։ Վերցրեք Արգենտինան։ Ոմանք ասում են՝ հենց Քրիստինա Ֆերդինանդեսը հսկայական դեր խաղաց այն բանում, որ ամուսինը՝ Նեստոր Կիրշները, նախագահ դարձավ։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ եթե Նեստոր Կիրշները արմատական բարեփոխումներ չիրականացներ, որոնք թույլ տվեցին դուրս բերել Արգենտինան 2000-ականների սկզբի ահավոր տնտեսական ճգնաժամից, վերջում էլ չհրաժարվեր երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը, նրա կինը՝Քրիստինան, երբեք նախագահ չէր դառնա։ Չեմ ուզում վիճաբանել, քանզի գիտեմ, որ երկու կողմերն էլ շատ լուրջ փաստարկներ ունեն։

Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ

​Կամ վերցրեք Սիգոլեն Ռուայալին, որի հետ այդպես էլ պաշտոնապես չգրանցվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս կինն էլ մեծ ջանքեր թափեց նախագահ դառնալու համար, բայց ի վերջո 2007 թվականին զիջեց Նիկոլա Սարկոզիին։ Մի քանի տարի հետո Սիգոլեն Ռուայալը կրկին փորձեց նախագահ դառնալ, բայց այսպես կոչված, փրայմերիզում՝ նախնական ընտրություններում, նրա դեմն առավ հենց այն մարդը, որի հետ ժամանակին ապրել էր նախագահական պալատում։ Սոցիալիստները նախընտրեցին Սիգոլենի նախկին չգրանցված ամուսին Ֆրանսուա Օլանդին։ Արի ու մի ասա՝ ախր ինչո՞ւ էիր այդքան ձգտում հայտնվել այդ պալատում, որտեղ մի անգամ արդեն ապրել էիր։ Բայց համաձայնեք` այդ նույն հարցը կարելի է նաև Հիլարի Քլինթոնին ուղղել։ Իսկ Սիգոլեն Ռուայալն ի վերջո այնուամենայնիվ պաշտոն ստացավ։ Չեք հավատա, սակայն այդ պաշտոնը կոչվում էր՝ Ֆրանսիայի դեսպան Արկտիկայի և Անտարկտիկայի գործերով։

Կանանց ազատություն է «պարգևել» կնամոլ տղամարդը՝ Իսահակ Զինգերը. նա 22 երեխաների հայր էր

​Մի երկու խոսք Իմելդա Մարկոսի մասին, որը Ֆիլիպինների 10-րդ նախագահ Ֆերդինանդ Մարկոսի կինն էր։ Եվ գոնե այս դեպքում կասկած չկա, թե ով է ում, այսպես ասենք՝ մարդ դարձրել, որովհետեւ դեռ տարիներ առաջ Ֆերդինանդը խոստովանել էր. «Այս կնոջ սիրո շնորհիվ ես հասա հաջողության գագաթնակետին»։ Ճիշտ է, կինն էլ մոտ երեսուն տարի առաջ առաջադրեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, գրավեց ընդամենը 5-րդ տեղը և սկսեց այլ՝ շատ ավելի հաճելի գործով զբաղվել։ Ժամանակին մամուլն աշխուժորեն քննարկում էր, որ Իմելդան հատուկ մեկնում էր աշխարհի տարբեր ծայրերը՝ ամենանորաձև հագուստը գնելու համար, ու իր պահարանում ունի, ուշադրությո՛ւն, 1200 զույգ ֆիրմային կոշիկ։ Հաշվեք՝ եթե նույնիսկ ամեն օր նոր կոշիկ հագնեք, այդ բոլոր կոշիկները փորձելու համար կպահանջվի երեք տարուց ավելի։

​Եվ վերջում, սիրելի կանայք, մի հարց՝ արդյոք հանուն նախագահ դառնալու դուք պաշտոնապես կբաժանվե՞ք ձեր սիրելի ամուսնուց, թեկուզ նա արդեն նախկին նախագահ է։ Ինչու եմ հարցնում՝ ախր հենց այդպես էլ վարվեց Գվատեմալայի նախկին առաջին տիկին Սանդրա Տորեսը։ Ինչո՞ւ անպայման պիտի ամուսնալուծվեր։ Որովհետեւ իրենց Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ նախկին նախագահին այդ պաշտոնում փոխարինի նրա հարազատներից մեկը։ Արդյունքում Սանդրան նախագահ չդարձավ, ձայները չհերիքեցին, ամուսնուց էլ զրկվեց։ Համաձայնեք՝ ուսանելի պատմություն է։