ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:
Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա:
Մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար:
Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է: