Ողբերգական դեպք Երևանում․ բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա աշխատակցի դին

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարանում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 25-ամա երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նոյեմբերյանում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դեպքը տեղի է ունեցել երեկ`ժամը 13։40-ի սահմաններում։ Նշվում է, որ Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

«Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Վաղարշակ Խաչատրյանն էր, որն աշխատում էր «Զ և Դ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորի օգնական, և աշխատանքի ժամանակ շեբեն և ավազ տեղափոխող հաստոցը նրան քշել տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։