Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. ինչ է դա նշանակում

Հայտնի է, թե երբ կլինի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալի` Տիրան Խաչատրյանի հայցով առաջին դատական նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դիմումը Վարչական դատարան վարույթ է ընդունել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է TK & Partners իրավաբանական ընկերությունը, որը ստանձնել է Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:

Ուզում եմ խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը. Նիկոլ Փաշինյան

«Վարչական դատարանն այսօր մեր հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին ժամը 11-ին: Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,–նշված է ընկերության հրապարական մեջ։

Միաժամանակ, իրավաբանական ընկերությունը նշում է նաև, որ համոզվել են` հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք`2021թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր էր ստորագրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

Տիրան Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։