ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ դեռ պատերազմի կեսից բանակը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցներ։ Մանուկյանը նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ։
«Ինչո՞ւ բանակը դա չարեց։ Չէ, դավաճաններ չեն, ուղղակի շատ օրինապաշտ զինվորականներ են։ Դեռ պատերազմի կեսից պետք է ոտքի կանգնեինք, սակայն ժողովուրդը չէր իմանում, որ պարտվում ենք»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր հաջողվի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել, եթե չլիներ նախագահի օժանդակությունը։ Մանուկյանը նշում է, որ բանակը դրանից հետո էլ իրեն օրինապաշտ է պահում, սակայն Մանուկյանն իրեն այդպես չէր պահի։
Նա ասաց, որ երբ երեկ ԱԺ–ն շրջափակեցին, Օնիկ Գասպարյանի տեղն ինքը լիներ` կձերբակալեր վարչապետին։
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ առաջիկայում Փաշինյանն իր հրաժարականի տակ ստորագրած բոլոր զինվորականներին ազատելու է պաշտոնից։ Նա կոչ արեց զինվորականներին չենթարկվել անօրինական հրամաններին։
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: