Ուզում եմ խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք:
Sputnik

Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:  Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է, որ պատասխանատվությունն ընդհանուր է և ինքը համոզված է, որ այդ պատասխանատվությունը կկրեն պատվով:

«Մենք պիտի միասին կարողանանք քննարկել, վերլուծել, պատասխանել մի շարք հարցերի և իհարկե միասին ձևավորել Զինված ուժերի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական, առաջին հերթին հիմնված այն բազմափորձ գեներալների, սպաների կարծիքի և տեսանկյունների վրա, ովքեր Զինված ուժեր, բանակ, բանակի կառավարում հասկացությունները գիտեն ոչ միայն որպես տերմիններ, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ջանք, ամենօրյա փորձություն»,–ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ այսօրվանից իրավունքի ուժով Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Ասել է, որ շնորհակալություն է հայտնում նրան Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Զինված ուժերում:

ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը

Փաշինյանը շեշտել է, որ Գասպարյանի փոխարեն իր առաջադրած թեկնածուն` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բոլորին ծանոթ է իր աշխատանքով, իր անցած ճանապարհով։

«Ուզում եմ բոլոր ներկաներին խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը որպես Զինված ուժերի գեներալներ, սպաներ, որպես Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք՝ մատուցել եք անկեղծորեն, և էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի ու այդ գնահատանքը երբեք, որևէ հանգամանքում, որևէ պարագայում չի կարող հօդս ցնդել»–ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ ավելի մանրամասն խոսակցություն կունենան Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման առիթով ակնկալվող հանդիպման ընթացքում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջադրել է գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի թեկնածությունը։

Մինչ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր պետ կունենա, նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: