«Ովքեր լուռ են` չեն գիտակցում վտանգի չափը». մշակութային գործիչներն ընդդիմության կողքին են

Այս պահին Բաղրամյան պողոտայում մի շարք մշակութային գործիչներ են հավաքվել, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Մշակութային գործիչները, որոնք անտարբեր նստած են այս օրերին, ամբողջությամբ չեն գիտակցում այն վտանգը, որը սպառնում է Հայաստանին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։

ՀՀ նախագահը հնարավորություն է ստեղծել, որ ՍԴ–ն քայլ կատարի. Մարուքյան

«Այնպես չէ, որ խնդիրը լուծվել–վերջացել է, և Թուրքիան ու Ադրբեջանն էլ հիմա մեզ հետ ընկերական հարաբերություններ են ուզում հիմնել։ Նրանց նպատակը մեզ կուլ տալն է, և պրիմիտիվ մտածողության արդյունք է այն կարծիքը, թե Արցախի մի մասը հանձնելով` բարեկեցիկ կապրենք այսուհետ։ Իհարկե տեսնում եմ, որ այս ամենը գիտակցողների քանակը օրեցօր ավելանում է»,–ասաց Արզումանյանը։

Նրա խոսքով` մտավորականներին այժմ ֆեյքերի միջոցով փորձում են սևացնել։

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նույնպես կարծում է, որ իրական վտանգը տեսնելու խնդիր կա այժմ, և մարդիկ լուրջ չեն ընկալում այն վտանգները, որոնք կան այսօր։ Բացի այդ, ըստ Սահակյանցի, չկա հավատ այն ուժերի հանդեպ, որոնք այսօր ընդդիմության դեմ են դուրս եկել։

«Ստեղծված իրավիճակում մեկ ելք կա` բանակն ու ժողովուրդը պետք է միանան իրար` ելնելով իշխանության այս պրոյեկտի դեմ»,–ասաց Սահակյանցը։

Նկարիչ Արմեն Աթանյանն էլ իր հերթին նշեց, որ այսօրվա իշխանությունները «քոքից» կտրել են մշակութային արժեքները։ նա կոչ արեց մտավորականներին միանալ այս շարժմանը և ամենևին էլ կապ չունի` 17 կուսակցություն, թե 20 կուսակցություն է այժմ ոտքի կանգնել։

«Կարևորն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է։ Պետք է ոտքի կանգնել։ Իհարկե, եղածը քանդելուց հետո մտավորականներին միավորելը շատ բարդ կլինի, սակայն պետք է միավորվել»,–ասաց Աթանյանը։

Նշենք, որ քիչ անց Բաղրամյան պողոտայում կմեկնարկի ընդդիմության հանրահավաքը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: