Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն առավոտյան ուղիղ միացմամբ Դեմիրճյան փողոցից տեղեկացրեց, որ գիշերը խաղաղ է անցել, առանց որևէ միջադեպի։
«Քաղաքացիները, վրաններում մնալով, ամբողջ գիշեր փակ են պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։ Այս պահին Դեմիրճյան փողոցում մաքրման աշխատանքներ են կատարում մեր ընկերները»,–ասաց Սաղաթելյանը` շնորհակալություն հայտնելով այն վճռական քաղաքացիններին, որոնք իրենց կողքին են։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսում են շրջապատված և փակ պահել ԱԺ–ի մուտքերը։ «ԱԺ–ն կբացվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա, և «գերագույն գլխավոր դավաճանը» հրաժարական կտա»,–ասաց նա։
Հայրենիքի փրկության շարժման համակարգողը հանրությանը հրավիրեց այսօր ժամը 16։00–ին կկայանալիք մեծ հանրահավաքին` նշելով, որ մինչ այդ էլ նախատեսված են որոշակի միջոցառումներ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Մարտի 9–ին, լրանում է օրենքով սահմանված ժամկետը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը, կա՛մ վարչապետի առաջարկի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմի ՍԴ։