Աշոտ Մինասյանի հայրական տան կողոպուտի փաստով նյութեր են նախապատրաստվում

Անհայտ անձինք տարել էին Աշոտ Մինասյանի և նրա եղբոր` Արցախյան առաջին պատերազմում զոհված Աղվան Մինասյանի շքանշանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) հայրական տանն իրականացված կողոպուտի փաստով ոստիկանությունում հաղորդումն ընդունվել է, նյութեր են նախապատրաստվում։

 Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, մարտի 8–ին հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի` Սիսիանի Լծեն գյուղում գտնվող հայրական տունը կողոպտել են։ Անհայտ անձինք տարել էին Աշոտ Մինասյանի և նրա եղբոր` Արցախյան առաջին պատերազմում զոհված Աղվան Մինասյանի շքանշանները։

Աշոտ Մինասյանի որդին հարյուրավոր ցուցարարների հետ դատարանի բակում է. տեսանյութ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մինասյանների ազգականը հայտնել էր, որ այդ տանը չէին ապրում, այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։