ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կապ է պահպանում ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Մանուկյանն այդ մասին ասաց Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքից առաջ։
Լրագրողները հետաքրքրվեցին` Մանուկյանը շփվո՞ւմ է Օնիկ Գասպարյանի հետ և տեղյա՞կ է արդյոք` ԳՇ պետը պատրաստվո՞ւմ է աշխատանքից ազատվելու դեպքում վարչական դատարան դիմել։ Ի պատասխան Մանուկյանը նշեց` Գասպարյանի հետ կապ կա, բայց չգիտի` կդիմի վարչական դատարան, թե ոչ։
«Ճիշտն ասած, ես այնքան էլ խորհուրդ չէի տա վարչական դատարան դիմել։ Այնպես չէ, որ միասին քննարկում ենք ինչ–որ բան, ուղղակի ինֆորմացիա ունենք իրար մասին»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` բանակը գլխավոր շտաբի հայտարարության առնչությամբ չի նահանջելու. եթե Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնի, բանակը չի համաձայնվի դրան։
Մանուկյանը վստահեցրեց` իրենց վճռական գործերն առջևում են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահել չի կարող։ Նա նշեց` Փաշինյանին մնում է մեկ բան` անցնել բռնապետության, ինչի համար էլ ուզում էր «ջարդել» բանակը, սակայն դա նրան չհաջողվեց։
Անդրադառնալով քննչական կոմիտեի տարածված այսօրվա հաղորդագրությանը, որ նրա մեղադրանքը լրացվել է` Մանուկյանը նշեց, որ դա իրեն ամենևին էլ չի խանգարում, որպեսզի կյանքի կոչեն պլան Ա–ն կամ Բ–ն։
Հիշեցնենք, որ վարչական դատարան դիմելու նախադեպ կա. ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Մինչ այդ` 2021թ. փետրվարի 24-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։