Հերթական պատվերն են կատարում. պաշտպանը` Վազգեն Մանուկյանի նոր մեղադրանքի մասին

Արամ Վարդևանյանը հայտնեց` միջնորդելու են, որ հարուցված քրգործն անհապաղ կարճվի, իսկ եթե չկարճեն, ուրեմն` դատարանում կհանդիպեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Հերթական քաղաքական պատվերն են կատարում։ Լրագրողների հետ զրույցում նման բնորոշում տվեց փաստաբան Արամ Վարդևանյանը` Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրգործով կրկին մեղադրանք առաջադրվելու փաստին։

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր։

«Պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից». ինչ քայլ է ձեռնարկելու Վազգեն Մանուկյանի պաշտպանը

«Սա անմտություն է, ոչ էական հանգամանք։ Մանուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ ԳՇ–ն անօրինական հրաման չպետք է կատարի։ Այսինքն` ըստ քննչական կոմիտեի` անօրինական հրաման չկատարելու կոչը ևս իշխանությունը զավթելուն կոչ է»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` միջնորդելու են, որ հարուցված քրգործն անհապաղ կարճվի, իսկ եթե չկարճեն, ուրեմն` դատարանում կհանդիպեն։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր հայտնել էր` միջնորդելու է, որպեսզի կարճվի Մանուկյանի դեմ հարուցված քրգործը։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Սեյրան Օհանյանը հիվանդանոցում է

Մանուկյանին մինչ այս նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։