ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։