ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումներով Հանրային հեռարձակողի խորհուրդը նոր անդամներով է համալրվել։ Մասնավորապես, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ու գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են խորհրդի անդամներ։
Վարչապետը որոշումներն ընդունել է ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով։
Ըստ տեղեկությունների՝ Վահագն Թևոսյանին Ազգային ժողովում կփոխարինի Արմեն Մկրտչյանը։
Նշենք, որ հանձնաժողովի թափուր տեղերի համալրման մրցույթի հայտատուները չորսն էին՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:
Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:
Հավելենք, որ ըստ օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ նախագահ և 6 անդամ։ Խորհուրդը ներկայում ղեկավարում է Արա Շիրինյանը, մինչ այժմ խորհրդի կազմում էին Ստեփան Զաքարյանը, Նառա Շլեպչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լևոն Գալստյանը։