ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին

Sputnik Արմենիան հարցում է անցկացրել մայրաքաղաքում` պարզելու համար, թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինչ գիտեն մեր քաղաքացիները և ինչպես են տրամադրված։
Sputnik

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։

Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։

Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։

ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը

Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։

90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։

«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: