Արա Սաղաթելյանն ասել է` իրեն մեկուսացրել են, որ հակաադրբեջանական գործունեությամբ չզբաղվի

Արա Սաղաթելյանն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ելույթ է ունեցել և ասել իր կարծիքն իր դեմ հարուցված քրգործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշելու Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքի հարցը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը` հայտնելով, որ դատարանն այսօր քննել է Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան ներկայացրած իրենց բողոքը։

«Շատ լավ քննարկում է գնացել այս նիստի ժամանակ, որին ներկա էր նաև դատախազը։ Բոլոր փաստերը մանրամասն և հանգամանալից ներկայացրինք»,–ասաց Ենոքյանը։

Նրա խոսքով` ոչինչ են այն փաստական տվյալները, որոնք դատարանը դրել է իր որոշման հիմքում։ Ենոքյանը հայտնեց, որ Սաղաթելյանը ելույթ է ունեցել և ասել, որ այս ամենն ուղղված է իրեն մեկուսացնելուն, ինչն էլ պայմանավորված է հակաադրբեջանական գործունեությամբ։

Սաղաթելյանի և Բեքարյանի ընկերը կալանավորվեց. դատավոր Արթուր Մկրտչյանն ի՞նչ կապ ունի

Ասել է` իրեն մեկուսացրել են, որպեսզի հակաադրբեջանական գործունեությամբ չզբաղվի։

Նշենք, որ Արա Սաղաթելյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը ժամը 16։00-ին։

Փաստաբան Գոհար Մելոյանն էլ հայտնեց, որ 4000-ից ավել քաղաքացիներ են միացել Բաղրամյան պողոտայում Սաղաթելյանի ազատության համար ընթացող ստորագրահավաքին, այդ թվում` քաղաքական, մշակութային գործիչներ։ Սակայն Մելոյանը հույս հայտնեց, որ ստորագրությունների կարիքը չի լինի։

Արա Սաղաթելյանին կարող են այցելել միայն կինն ու երեխան

Հիշեցնենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են