Զատուլինը խոսել է Արցախը ՌԴ կազմում ներառելու և ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մասին

Քաղաքական գործիչը նշեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք է համարում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարեց, որ վերջերս բազմիցս հանդիպել է մարդկանց, որոնք ամենայն լրջությամբ խոսում են այն մասին, որ կցանկանային` Ղարաբաղը լիներ ՌԴ-ի կազմում։

«Իհարկե, դրանք ֆանտազիաներ են, դա նախագիծ է, որը չի իրագործվի թե՛ սկզբունքային, թե՛ հստակ քաղաքական նկատառումներով։ Բայց փաստը մնում է փաստ․ Լեռնային Ղարաբաղում հիմա խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզուն որպես ևս մեկ պետական (պաշտոնական,– խմբ․) լեզու ընդունելու հարցը»,-ասաց պատգամավորը։

Նրա տեսանկյունից՝ այդ հանգամանքը խոսում է ռուսական ներկայության ավելացման մասին։ Նա հայտնեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Ղարաբաղում։

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

Քաղաքական գործիչը կարծում է նաև, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետ է սահմանվել, սակայն Ռուսաստանը Ղարաբաղ եկել է ընդմիշտ: Ավելին, Զատուլինի համոզմամբ՝ առաջիկա տարիներին պետք է ուժեղացնել ռուսական խմբավորումը Սյունիքի մարզում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ դա իր անձնական փորձագիտական կարծիքն է։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին