Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Առաքել Մարտիկյանի հետ

Առաքել Մարտիկյանը մեկն է այն 4 անձանցից, որը չէր միացել զինված ուժերի գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ։

Այս գեներալները չլինեն, կլինեն ուրիշները. պատգամավորը համոզված է` բանակը Փաշինյանի հետ է

Հիշեցնենք, որ Մարտիկյանը մեկն է այն 4 անձանցից, որը չէր միացել զինված ուժերի գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Առաքել Մարտիկյանը, լինելով հետախուզության վարչության պետը, սխալ տեղեկություններ է հայտնել պատերազմում որոշակի գործողությունների մասով և միգուցե չի միացել հայտարարությանը, քանի որ մտածել է, եթե իշխանափոխություն լինի, ապա իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն:

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։