Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող նմանատիպ անձանց հետ գործարքների մեջ մտնելուց:
Sputnik

Բացահայտվել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է,  2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին, խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:

Անհետ կորած զինվորի մորից ավելի քան 1 մլն դրամ է պահանջել որդուն վերադարձնելու պատրվակով

Ա. Ա.-ի հետ հանդիպումների ընթացքում Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե իբր ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ այլ երկիր, իսկ այնուհետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ 30.000 ԱՄՆ դոլար՝ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:

Միաժամանակ, Ա. Ա.-ին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով Վ. Ղ.-ն հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 22-ին Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սրճարանում Ա. Ա.-ից խաբեությամբ ստացել է 7.896.750 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:

ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի  34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ.Ղ.-ն ձերբակալվել է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող նմանատիպ անձանց հետ գործարքների մեջ մտնելուց և վստահեցնում է, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: