Ոմանց համար պրոբլեմ չկա։ Օրինակ, Խոսե Մուխիկան, որը 2010 թվականից մինչև 2015 թվականը Ուրուգվայի նախագահն էր, հիմա էլ շարունակում է ապրել իր գյուղական տանը, ջրհորից ջուր բերել տան համար և վարել իր հին, շատ հին «Ֆոլքսվագենը», որի համար տարիներ առաջ իրեն 1 միլիոն դոլար էին առաջարկում։ Ի դեպ, մի քանի տարի առաջ նա հրաժարվել է նաև նախկին նախագահներին հասնող կենսաթոշակից՝ հիմնավորելով, որ այդ փողի կարիքը չունի։ Համաձայնեք, ոչ մի զարմանալի բան չկա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիներին էլ իր ամսական 12 հազար դոլար աշխատավարձի գերակշիռ մասը նա հատկացնում էր բարեգործությանը։
Կան, իհարկե, նաև բոլորովին այլ օրինակներ։ Դիցուք, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի պաշտոնավարման ավարտից հետո իշխանությունները նրան մեղադրեցին սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում այնպիսի զարգացած պետություններում, ինչպիսին Ֆրանսիան է, պաշտոնաթող ղեկավարներին շատ կոնկրետ քրեական մեղադրանքներ են ներկայացվում (այսօր նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման-խմբ.)։ Ոմանք նույնիսկ պաշտոնավարման ընթացքում են ընդունում իրենց մեղքը։ Օրինակ, մի քանի տարի առաջ Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախկին նախագահներից մեկը դատապարտվեց 25 տարի ազատազրկման, և պետք է որպես տուգանք վճարի ֆանտաստիկ մի գումար՝ գրեթե 20 միլիոն դոլար։
Հայտնի է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, էսպիսի հստակ համոզմունք կա. մարդը ցանկանում է ղեկավար դառնալ միայն մի նպատակով՝ հարստանալու։ Ճիշտն ասած, շատ մեծ վերապահումներով եմ վերաբերվում նման միանշանակ պնդումներին և ավելի շատ հակված եմ կարծելու, որ ամեն ինչ կախված է տարբեր մակարդակների մեծ ու փոքր ղեկավարների, այդ թվում՝ երկրի առաջնորդների անձից, բարոյական կերպարից և դավանած սկզբունքներից։ Չեմ ուզում հիմա լրջորեն վերլուծել այս հարցը և կոնկրետ անուններ տալ, որովհետև, գիտեք երևի, հենց մի անուն ես տալիս և կարծիք հայտնում, թե այս մարդը մաքուր է, միանգամից ի պատասխան ստանում ես ծռմռված դեմք, հեգնական ժպիտ և շատ երկար դասախոսություն այն մասին, թե ինչ սրիկա է այդ մարդը։ Ու հենց հարցնում ես՝ բայց որտեղի՞ց գիտես, որ այս մարդը ֆանտաստիկ հարստություն է դիզել, հետևում է մահացու մի պատասխան՝ հարևանս է պատմել, ինքն էլ հո գիտի։
Իսկ կարո՞ղ է արդյոք երկրի ղեկավարը ոչ թե շահել, այլ կորցնել նախագահ կամ վարչապետ լինելուց։ Իհարկե, կարող է։ Հեռու չգնանք։ Դոնալդ Թրամփը ձեզ օրինակ։ Ահա թե ինչ է գրում գերմանական «Ֆոկուս» հանդեսը։
«Թրամփն առաջվա պես մնում է միիարդատեր, բայց նրա ֆինանսական կայսրությունը ճաքեր է տվել նախագահության օրոք։ Ճիշտ է, նրա կարողությունը կազմում է 2,5 միլիարդ դոլար, բայց ամերիկացի մեծահարուստների ցուցակում նա իջել է գրեթե 65 կետով։ Վաշինգտոնում և Չիկագոյում գտնվող նրա անշարժ գույքը, կարծես թե, այլևս եկամուտ չի բերում»։
Բայց ամենագլխավորը՝ քիչ առաջ փաստեցի, որ նախկինների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել։ Դոնալդ Թրամփի օրինակը հենց այդ դեպքերից է։ «Թրամփին մի քանի դատական հայցեր են սպասում, քանզի նա այլևս նախագահ չի և քրեական հետապնդումից պաշտպանված չի։ Միանգամից մի քանի դատախազներ փորձում են ապացուցել, որ Թրամփը հարկային խարդախություններ է թույլ տվել», - գրում է գերմանական պարբերականը։
Ճիշտ է, իր կորուստները Թրամփը կարող է մասամբ փոխհատուցել բարձր թոշակով, որը ստանում են պաշտոնաթող ամերիկացի նախագահները՝ տարեկան ավելի քան 220 հազար դոլար։ Բայց ինձ մեկ ուրիշ թիվ շշմեցրեց և անհագ ցանկությունս առաջացրեց աշխատել պաշտոնաթող որևէ նախագահի կամ թեկուզ վարչապետի գրասենյակում։ Ախր Միացյալ նահանգների, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահները գրասենյակ պահելու իրավունք ունեն։ Ես չգիտեմ, թե որքան է ստանում, ասենք, Վիկտոր Սողոմոնյանը՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, բայց Ամերիկայում պաշտոնաթող նախագահը իրավունք ունի իր գրասենյակի աշխատողներին վճարել տարեկան 150 հազար դոլար։ Ճիշտ է, դա միայն առաջին 30 ամսվա ընթացքում, դրանից հետո այդ թիվն իջնոմ է մինչև տարեկան 96 հազար դոլար։ Ոչինչ, 96 հազարին էլ եմ համաձայն։